Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին
անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։
Հիմա փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։
Ա․ Օրվա տարբեր պահերի,
Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում,
Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին,
Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։
2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.
3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ.
4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։
Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։
5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։
Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:
6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։
Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։
7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:
Փողոցը- գոյական, հայցական հոլով,
ցցի- գոյական , սեռական հոլով,
կարծես- վերաբերական
կարմիր- ածական
8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։
9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։
10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։
11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։
12. Դո»ւրս գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։
13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։
14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին:





